ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մեր գոյությունը, Արցախի հետ միասին, Ռուսաստանի անմիջական շահն է

Մեր գոյությունը, Արցախի հետ միասին, Ռուսաստանի անմիջական շահն է
08.06.2023 | 14:21

Անորոշություններով լի և ինֆորմացիայով աղքատ մեր ներկա վիճակը գոնե ինչ-որ չափով պետք է մեզ ստիպի լրջորեն մտածելու մեր զբաղեցրած տեղի մասին արևի տակ և կարողանալ մեր հնարավորությունների սահմաններում գնահատելու այն արտաքին ուժերի դիրքն ու դասավորությունը, որոնցից անմիջականորեն կախված է մեր վաղվա օրը։

Եթե գոնե մոտավորապես մենք չկարողանանք իմանալ այդ ուժերի ուղղությունը, չափը և դասավորությունը, ապա մեր մանկական ճիգերի առնվազն 90 տոկոսը կլինի անիմաստ։

Այս իրավիճակում շատ կարևոր է նաև մեր, առանց այդ էլ չունեցած, ուժերի ծայր աստիճանի պառակտվածությունը և տարբեր ուժերի անթույլատրելի չափի բևեռացվածությունը։

Եթե մենք մեր ֆանտազիային մի քիչ զոռ տանք, ապա կտեսնենք, որ արտաքին հզոր ուժերի արանքում մեր ներկա վիճակը ոչնչով չի տարբերվում հին ժամանակներում մեր վիճակներից Հռոմի ու Պարսկաստանի, կամ էլ Խալիֆաթի ու Բյուզանդիայի արանքում։

Միայն մի տարբերությամբ, այն ժամանակներում մենք ունեինք հզորների հետ շատ թե քիչ համեմատելի ուժ, որը ներկայում չունենք։

Իսկ վիզը ծռած աղքատ ազգականի մեր ներկա վիճակը հաստատ նշան է, որ մեր վաղվա վիճակը որոշվելու է առանց մեզ։

Մեր կողմից ավել կամ պակաս ուժով օդի տատանումները պրոցեսների ելքի վրա ազդել չեն կարող։

Ասպարեզում եղած բոլոր ուժերը, լինեն դրանք գաղափարական բնույթի, թե մի որևէ այլ բնույթի, պետք է հասկանան, որ առանց ուժի ու գաղափարի նպատակային գործողություն չի լինում։

Դրանից բացի, անկախ նրանից, թե ով ինչ երազանքներ ու ձգտումներ ունի, վերջում տակը մնալու է մի կերպ գոյությունը պահպանելու հանգամանքը, և այդ առումով, պետք է հենց այս գլխից այդ կարևոր գործով զբաղվել։

Իսկ դրա համար էլ առաջին հերթին պետք է հասկանալ Ռուսաստանի ու Թուրքիայի ներկա հարաբերությունների դինամիկան աշխարհում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների ֆոնին։

Բնականաբար, Ռուսաստանը մեզնից շատ ավելի լավ հասկանում է, որ Հարավային Կովկասից նահանջելն իր համար պարունակում է աղետին մոտ պոտենցիալ, և բոլոր ուժերով պետք է խուսափի դրանից։

Մյուս կողմից էլ, ինչպես Ռուսաստանն ունի Թուրքիայի կարիքը, այնպես էլ Թուրքիան ունի Ռուսաստանի կարիքը, և այս իմաստով Թուրանի գաղափարը մոտ և միջին ապագայում մեռած գաղափար է, քանի որ բազմակողմանիորեն հակասում է աշխարհի իրական ուժերին։

Դրանից բացի, Թուրքիան ունի պրոբլեմների թնջուկ, որոնց լուծումները կպահանջեն երկար ժամանակ։

Բացի դրանից, Ռուսաստանը ունի հսկայական պոտենցիալ օգուտներ ու շահեր թուրքական աշխարհի հետ թեկուզ տակտիկական բնույթի հավասարակշիռ վիճակից, նույնիսկ մի կողմ թողած հնարավոր ստրատեգիական բնույթի մշուշապատ օգուտներն ու շահերը նույն աշխարհից։

Այստեղից արվող հիմնական եզրակացությունն այն է, որ մեր գոյությունը, Արցախի հետ միասին, Ռուսաստանի անմիջական շահն է, որն էլ որոշ ուշացումով նրան կմղի այս ուղղությամբ գործուն քայլերի։

Այս իմաստով, եթե դիտարկում ենք Ռուսաստան-Ուկրաինա պրոբլեմների դինամիկան և դրանց էվոլյուցիան, ապա տեսնում ենք, թե ինչպես Ռուսաստանը իր նախնական գնահատականների արագ շտկումով անցավ շատ ավելի էֆեկտիվ լուծումների։

Հուսանք, որ մեր հարցում ևս ռուսները կունենան նման մոտեցում, որը կբխի հենց իրենց շահերից։

Լուրջ ուժերը ճղճղան չեն լինում, և այս տեսանկյունից կարևոր է հասկանալ Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսական մակարդակի ներկայության իմաստը։

Մի կարևոր հարց ևս. թվում է, թե մեր ներքին քաղաքական և փսևդոքաղաքական ուժերը վաղուց են հասկացել, որ իրենք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ մեր ապագայի հետ կապված հարցերում, և նրանց ջանքերը հիմնականում կապված են իշխանության ու բարիքներին հասնելու ձգտումների հետ։

Իհարկե, կան նաև ազնիվ և լավագույն ձգտումներով ուժեր, որոնք կունենան ճիշտ այն տեղը, որը պատմության մեջ մեծամասամբ ունեցել են իրենց նմանները՝ հավերժական ուղեկցողի դեր։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 39445

Մեկնաբանություններ